6 ապրիլի 2004 - 18:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Շվեյցարիայի ԱԳՆ քաղաքական հարցերով վարչության ղեկավար Բլեզ Գոդենը ստորագրել են տեխնիկական, ֆինանսական եւ մարդասիրական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի կենտրոնում, համաձայնագիրն ուղղված է տնտեսության, սոցիալական հատվածի, շրջակա միջավայրի զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդման: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվեն դրամաշնորհներ` 3,5 մլն շվեյցարական ֆրանկի չափով որպես տեխնիկական, եւ 3 մլն ֆրանկի չափով` որպես մարդասիրական աջակցություն: Տեխնիկական օգնությունն ուղղված կլինի բնական պաշարների, պետական գործերի կառավարման թափանցիկության, տեղեկատվության հասանելիության կառավարման բարձրացմանը, մարդասիրական օգնությունը` հակամարտությունների կարգավորմանը եւ բնության աղետների վերացմանը, մասնավորապես, վերաբնակեցված անձանց եւ բնակչության առավել անապահով սոցիալական խմբերի աջակցությանը: