6 ապրիլի 2012 - 17:03 AMT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Ծաղկաձորում մարզվում է առանձին ծրագրով

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով օլիմիական ուղեգիր ունի, Ծաղկաձորում մարզվում է առանձին ծրագրով, այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:

«Արսենն այնտեղ աշխատում է ֆիզիկական պատրաստվածության վրա: Նրա հետ աշխատում է անձնական մարզիչ Արամ Գասպարյանը, նրան օգնում են Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Սահակյանը և Մաքսիմ Մանուկյանը: Ծաղկաձորում մարզվում են նաև երիտասարդական և պատանեկան հավաքականները»,- ասել է մարզիչը:

Իսկ Հայաստանի հավաքականի մնացած անդամներն այդ ընթացքում Երևանում պատրաստվում են առաջին վարկանիշային մրցաշարին, որը տեղի է ունենալու ապրիլի 20-23-ը Բուլղարիայում:

Այնտեղ հանդես են գալու Ռոման Ամոյանը (55 ք/կ), Ալեքսանդր Միքայելյանը (60 ք/կ), Հրաչ Հովհաննիսյանը (84 ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 ք/կ):

«Ես դեռ չեմ որոշել, թե մեր մարզիկներից Բուլղարիայում ով է հանդես գալու մինչև 66 կգ քաշային կարգում: Հավաքների ժամանակ մենք վերջնական որոշում կընդունենք»,- ասել է Ջուլֆալակյանը: