6 ապրիլի 2012 - 17:13 AMT
Գյուղնախարար. Սյս տարի ամբողջությամբ անցնելու ենք մթերումների պայմանագրային հարաբերություններին

Ոլորտի հիմնախնդիրներին և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու հերթը այսօր Արմավիրի մարզինն էր, ուր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց համայնքների ղեկավարների ու գյուղանտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Հանդիպմանը ներկա էր Արմավիրի մազպետ Աշոտ Ղահրամանյանը:

Խոսելով անցյալ տարվա ցուցանիշներից` նախարարը նշեց, որ ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության, կառավարության կողմից իրականացված գործնական ծրագրերի և ոլորտի աշխատավորների արդյունավետ գործունեության արդյունքում 2011-ին հաջողվեց հասնել որոշակի դրական տեղաշարժերի, որոնց մեջ էական դերակատարում ունեցավ նաև Արմավիրի մարզը:

«Այն, ինչ ունեցանք, աննախադեպ էր նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, ձեռք բերածով չպետք է սահմանափակվենք: Սա այն ոլորտն է, որտեղ երկարատև ներդրումներ են անհրաժեշտ: Հողերն ամբողջությամբ և երբեմն նպատակային չեն օգտագործվում: Եվ դրա համար պետական աջակցություն է պետք: Նախորդ տարի 19 հազար հեկտարով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Այս միտումը շարունակական է լինելու: Փորձելու ենք ամեն տարի 20–25 հազար հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»- նշեց նա:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման հարցերում գյուղացուն օժանդակելու խնդրին, նախարարը դրական գնահատեց նախորդ տարի մայրաքաղաքում բացված գյուղատնտեսական շուկայի գործունեությունը, որի ամենաակտիվ մասնակիցներից էին նաև Արմավիրի մարզի ֆերմերային տնտեսությունները: Այս տարի, ըստ նախարարի, մայրաքաղաքում, առանց վերավաճառների, նման 3 շուկաներ են գործելու: Կառավարության կողմից գյուղացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերից նա առանձնացրեց նաև ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի և մատչելի գներով ազոտական պարարատանյութի ու դիզելային վառելիքի տրամադրումը:

«Այն մարզերին բաշխվում է ըստ ներկայացված հայտերի: Դրանով մենք կբավարարենք հանրապետության ողջ պահանջարկի ավելի քան 95 տոկոսը: Շուկայում նկատվող գների թանկացման ֆոնին կառավարության կողմից ցուցաբերվող նման օժանդակությունը զգալիորեն կթեթևացնի գյուղացու հոգսը»,- նշեց նախարարը`հավելելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզն է ամենաշատը ստանում նշված պարարտանյութն ու դիզվառելիքը: Ի դեպ, նույնն է պատկերը նաև Եվրոպայից բարձր մթերատու երինջների ներկրման ծրագրի իրականացման ասպարեզում, ուր անցյալ տարի ներկրված 210 կենդանիներից 48-ը հատկացվել է Արմավիրի մարզին:

«Գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա, իմանա, որ իր արտադրանքը շահավետ գներով և ամբողջությամբ է մթերվելու: Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի եկամտաբեր: Դրա համար այս տարի ամբողջությամբ անցնելու ենք մթերումների պայմանագրային հարաբերություններին»,- ասել է նա, ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը, որոնք, ըստ Սերգո Կարապետյանի, միայն գյուղատնտեսության ոլորտի խնդիրները չեն: «Կարևորը երկրի պարենային անվտանգության ռազմավարական խնդրի լուծումն է, որը բոլորիս գործն է»- նշել է նախարարը: