Հօգուտ Ադրբեջանի լրտեսած հայերն ազատազրկվել են 14 և 10 տարով

Հօգուտ Ադրբեջանի լրտեսած հայերն ազատազրկվել են 14 և 10 տարով

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին և Ա. Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից`ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը և Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ:

Մասնավորապես, նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանում հետազոտված ապացույցներով դատարանը հիմնավորված է համարել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.12թ դատավճռով Կ.Մեհրաբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման, Ռ. Մաթևոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել զատազրկման 10 տարի ժամկետով, Ա. Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով: Կ. Պետրոսյանը և Ա. Ավետիքյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք կալանավորվել են դատարանի դահլիճից: Դ. Ավետիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ պատիժ է սահմանվել տուգանք 500 000 դրամի չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---