7 ապրիլի 2012 - 11:58 AMT
Այս տարի Զատկից առաջ հաջողվեց խուսափել գնաճից, վստահ են ՀԿ-ների ներկայացուցիչները

«Գոհունակությամբ ցանկանում ենք նշել, որ այս տարի նախորդ տարվա համեմատ մեզ հաջողվեց խուսափել Զատկի շեմին սպառողական շուկայում տիրող մղձավանջից»,-ապրիլի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը:

Ըստ նրա, ՀԿ-ների կողմից մշտադիտարկում է անցկացվել մայրաքաղաքի ի առևտրի կետերում, որի արդյունքում պարզ է դարձել, որ սննդամթերքի գները, մասնավորապես, ձվի գինը չի բարձրացել, ավելին, ակցիաների շրջանակներում դրանք արդեն ավելի ցածր գնով են վաճառվում: «Ձվի հանձնման գինը 30-45 դրամ է, իսկ խանութներում արդեն այն վաճառվում է 60 դրամով»,-ասել է նա: Սակայն, ինչպես վստահեցրել է ՀԿ ղեկավարը, ընդհանուր առմամբ Հայաստանի սննդամթերքի շուկայում շարունակվում է գնաճը միջինը 14 տոկոսով, իսկ առանձին մթերքների համար՝ մինչև 25 տոկոս:

Իր հերթին «Սպառողների իրավունքների պաշտպանության» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը համամիտ էր իր գործընկերոջ հետ այն հարցում, որ սննդի շուկայում Զատկից առաջ գնաճ չի գրանցվել, սակայն ցույց է տվել խուրմայի փաթեթավորումը, որի վրա գնապիտակը կրկնակի էր: «Մենք այլ խնդիր էլ ունենք, կապված սննդամթերքի որակի հետ, որը դեռ չլուծված է մնում»,-հավելել է նա: