7 ապրիլի 2012 - 18:15 AMT
ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն խնդրում են հրապարակել ՀՀ բացակա քաղաքացիների անունները

ՀՀ ԱԺ մայիսի 6-ի ընտրությանը մասնակցող քաղաքական ինը ուժերից երկուսը` «Հայ ազգային կոնգրես դաշինքն» ու «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը նամակով դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թոմվասյանին, միջագային դիտորդներին և Հայաստանում աշխատող դիվանագետներին:

Նամակում ասվում է. Մեծարգո պարոն վարչապետ, ԱԺ առաջիկա ընտրությունների՝ ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված ընտրական ցուցակներում ընդգրկված է 2.485.844 անուն, որոնց գումարելով զինծառայողների ու ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների գաղտնի ցուցակներում առկա շուրջ 50.000 անունները, ստացվում է 2.535.844 ընտրող։

Հայտնի է նաեւ, որ 2011թ. մարդահամարի տվյալներով ՀՀ հաշվեգրված բնակչության թիվը կազմել է 3.285.767, իսկ առկա բնակչության թիվը՝ 2.871.767 մարդ։ Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից մշտապես բացակա է 414.258 քաղաքացի, իսկ փորձագիտական գնահատականներով այդ թիվը հասնում է շուրջ 700.000-ի։

Ընտրացուցակներում ընդգրկված երկրից մշտապես բացակա քաղաքացիների անունները ձեզ ստուգապես հայտնի են, քանի որ մարդահամարի ընթացքում դրանք, բնակիչների հաշվառման պետական ռեգիստրի հիման վրա, ճշտվել են անվանական կարգով եւ, բացի այդ, ձեր ձեռքի տակ են սահմանային անցակետերում արված ելումուտի նշումները։

Ընտրացուցակներում երկրից մշտապես բացակա հարյուրհազարավոր քաղաքացիների անունների առկայությունը մշտապես հուզել է Հայաստանի հասարակությանը եւ կասկածներ հարուցել ընտրությունների օրինականության նկատմամբ։ Ժամանակին այդ հարցը մտահոգել է նաեւ օտարերկրյա դիտորդական առաքելություններին, որոնք խնդիրն ամենայն լրջությամբ դրել են ՀՀ իշխանությունների առջեւ եւ դրա հետ կապված օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխություններ պահանջել։

Հետեւաբար, բոլոր կասկածները ցրելու եւ ընտրությունների թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու համար, օգտվելով «Տղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքից, խնդրում ենք մեզ տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։

Չկատարելով մեր խնդրանքը, Դուք կասկածի տակ կդնեք առաջիկա ընտրությունների օրինակարգությունը եւ մեծ հարված կհասցնեք Հայաստանի միջազգային վարկին։