8 ապրիլի 2012 - 00:53 AMT
Մոսկվայում ավարտվեց Armenia Music Awards-ը, հայտնի դարձան մրցանակակիրները

Այսօր`ապրիլի 7-ին Մոսկվայի Ռոսիա համեգասրահում տեղի ունեցավ Armenia Music Awards թվով յոթերորդ մրցանակաբաշխությունը, որը բացեց երգիչ Շանտելը: Միջոցառումը վարում էին Հայաստանի և Ռուսաստանի դերասաններ, հաղորդավարներ և շոումեններ: Մրցանակաբաշխության արարողությունը տևեց համարյա 5 ժամ: Մրցանակաբաշխության ժամանակ հայտարարվեց, որ Anelik բանկըհամերգասրահում բաժանել է մոտ 8 հազար վարդ, որոնք էլ հանձնվել են մրցանակաբաշխության մասնակիցներին:

Առաջին մրցանակը հանձնվեց երգիչ Թովմաս Պողոսյանին, որպես ժողովրդական երգերի լավագույն կատարող: «Կախարդական ձայն» անվանակարգին արժանացավ ստամբուլաբնակ երգչուհի Սիբիլը: Աստղագետ Գարիկ Իրայելյանն արժանացավ Armenia Music Awards Հատուկ մրցանակի: «Տարվա հայտնություն» կոչմանն արժանացան միանգամից երկուս երգչուհիներ` Նարինե Դովլաթյանը և Էյջինը: Հայաստանի մասին լավագույն երգ կատարելու համար հատուկ մրցանակ ստացավ Մերի Ոսկանյանը Գերմանիայից Wake up Armenia երգի համար: Հատուկ մրցանակ ստացավ նաև «Գոհար» համույթը: Լավագույն բարեգործական նախագիծ ճանաչվեց «Նվիրիր կյանք» հիմնադրամն, իր հիմնի համար: Հումորիստական ժանրի լավագույն արտիստ ճանաչվեց հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը: Տարվա երգչուհի դարձավ Սոնա Շահգելդյանը:

Անուշ և Ինգա Արշակյաններն այս անգամ ստացան «Տարվա հիթ» մրցանակը «Իմ անունը Հայաստան է» երգի համար: «Լեգենդ» հատուկ մրցանակը ստացավ լեգենդար ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, ով միջոցառման հատուկ հյուրն էր: «Լավագույն ջազ կատարող» դարձավ Էմմա Ասատրյանը, լավագույն ալբոմ` «Դորիանս» ռոք խմբի Fly սկավառակը: Արտերկրում ամենահատնի երգիչ ճանաչվեց Արման Հովհաննիսյանը: Միջոցառման ընթացքում հայտարարվեցին նաև մի շարք այլ անվանակարգերի հաղթողներ:

Մրցանակաբաշխությունն ավարտվեց բոլոր մրցանակակիրների համատեղ ելույթով: