Այսօր «Հովեր» երգչախումբը ելույթ կունենա Մաշտոցի այգում

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 9-ին «Հովեր» երգչախումբը ելույթ է ունենալու ի պաշտպանություն Մաշտոցի այգու` հենց Մաշտոցի այգում: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ին պատմեց, որ մոտ կես ժամանոց ծրագրում ներկայացնելու են Կոմիտասի խմբերգեր և ավելի թեթև կատարումներ: Հովհաննիսյանը հատուկ շեշտեց, որ ելույթը չունի որևէ քաղաքական, առավել ևս նախընտրական ուղղվածություն: Նրանք պարզապես ընդունել են այգու պաշտպան ակտիվիստների աաջարկը, քանի որ կիսում են նրանց մտահոգությունը և քաղաքացիական դիրքորոշումը: Երգչախմբի ղեկավարի խոսքով, կրպակներ կառուցելու թույլտվություն տվողները պետք է նախ և առաջ ի նկատի ունենան հանրային շահը: Ելույթը սկսվելու է 20.00-ին:

Շաբաթվա վերջում` ապրիլի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունենալու 2` Ա. Վիվալդիի «Պրիմավերա» և Մ. Ռավելի «Բոլերո» երաժշտության հիման վրա բեմադրած բալետների պրեմիերաները:

Բալետների բեմադրիչ պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ դրանք միանգամայն նոր մեկնաբանություններ են լինելու: «Պրիմավերայում» հնչելու է Վիվալդիի «Տարվա եղանակներ» ստեղծագործության «Գարուն» հատվածը, բեմադրությունը հիմնված է լինելու Բարձր Վերածննդի մեծ վարպետ Սանդրո Բոտիչելլիի համանուն կտավի վրա: Բալետում պարելու են բացառապես աղջիկներ: Բալետի հիմքում ընկած է նյութական աշխարհից դեպի հոգևոր աշխարհ անցնելու գաղափարը:

«Բոլերոյում» էլ ելույթ են ունենալու բացառապես տղաներ: Խառատյանի խոսքով, բեմադրությունն ունի հատուկ կառուցվածք, իսպանական պարերով և արևելյան մարտարվեստով ուղեկցվող լուծումներ:

Շաբաթվա ընթացքում շարունակվելու է «Թատրոն-ԻՔՍ» թատերական փառատոնը, որի փորձագետները, ավանդույթի համաձայն, ներկայացումից հետո կկզամակերպեն բաց քննարկումներ: Կշարունակվի նաև «Վերածնունդ» երաժշտական փառատոնը: Այս տարի մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ռեկորդային թվով`1365 հայտ 25 երկրներից` ԱՄՆ, ՌԴ, Հայաստան, ԼՂՀ, նաև Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանած երաժիշտներ, ովքեր կմրցեն 9 անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում տեղի են ունենալու նաև վարպետության դասեր, «Մշակույթների երկխոսություն» թեմայով գիտաժողով, կլոր սեղան, ցուցահանդես և այլն:

Թատրոնները ներկայանալու են իրենց խաղացանկով: Դասական երաժշտության սիրահարները կունկնդրեն ֆրանսիացի դաշնակահարուհի Դանիելա Լավալին, ով ելույթ է ունենալու ապրիլի 14-ին Երևանի կամերային երաժշտության տանը Կամերային նվագախմբի հետ, իսկ սիմֆոնիկ երաժշտության երկրպագուները` դաշնակահարուհի Արուս Աճեմյանին` Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Ժամանակակից փորձարարական արվեստի երկրպագուներին կուրախացնի Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնը` «Կրիզիս 2» Արվեստի այլընտրանքային փառատոն նախագծով, էքսպերիմենտալ երաժշտությամբ և դասախոսություններով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---