«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ «Երիտասարդ արվեստագետներ» հիմնադրամի աջակցությամբ ապրիլի 13-ին ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպում է ժողովրդական երգի և ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանի ֆոնդին:
Համերգին ելույթ կունենան Ալլա Լևոնյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սիլվա Յուզբաշյանը, Գուրգեն Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը (Մրրո), Սևակ Ամրոյանը, Թամարա Ժամհարյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Ղազարյանը, Աիդա Սարգսյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Արմեն Դավթյանը, Մանիկ Գրիգորյանը և Վիգեն հակոբյանը:
«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլորին միանալ այս կարևոր միջոցառմանը ՝ փոքրիկ լումա ներդնելով Էլենի բուժման գործում, հավատալով, որ միասնական ուժերով հնարավոր է հաղթահարել ցանկացած փորձություն և հայ մանուկների համար առողջ ու գեղեցիկ ապագա կառուցել:
Փոքրիկ Էլենի մոտ քաղցկեղ է ախտորոշվել 2010թ. մարտին: Անհրաժեշտ բուժում ստանալու համար երեխայի ընտանիքը ստիպված է եղել տեղափոխել նրան արտասահման: Այժմ փոքրիկը գտնվում է Գերմանիայում, որտեղ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավորություն ունի լիարժեք ապաքինվելու: Գերմանական կլինիկայի կողմից ստացված ծախսերի նախահաշիվը մոտ 170 000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի:
Էլեն Դիլանյանի ֆոնդին արդեն փոխանցվել է արդեն մոտ 10 000 դոլար: