
Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը (ԱԱԽ) զանգվածային մեքենայությունների պատճառով ժամանակավորապես դադարեցրել է դրամական նպաստների վճարումը Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալմանը մասնակցած ապստամբներին:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով լիբիական լրատվամիջոցներին, վճարումները դադարեցվել են այդ օգնության բաշխման առնչվող բազմամիլիոնանոց մեքենայությունների բացահայտումից հետո:
«Պարգևատրումներն ապստամբներին դադարել են վճարել չարաշահումների պատճառով: Հեղափոխականների համար նախատեսված միլիոնավոր դինարներ (մեկ լիբիական դինարն արժե մոտ 0,8 ԱՄՆ դոլար) կորսվել են կողմնակի անձանց վճարելու արդյունքում»,- հայտնել է ԱԱԽ պաշտոնական ներկայացուցիչ Մոհամեդ ալ-Հարեզին: Նրա խոսքով` վճարումները չեն վերսկսվի, մինչև իշխանություններն ամբողջությամբ չստուգեն միջոցների բաշխման մեխանիզմները: Բացի այդ, տեղական ռազմական խորհուրդները պետք է հաստատեն նպաստ ստացողների նոր ցուցակները, նշել է նա: