Ռուսաստանցիներն արդարացնում են Գեղամ Սարգսյանի գործողությունները, որը սպանել է իր ընտանիքի վրա հարձակված անձանց

Ռուսաստանցիներն արդարացնում են Գեղամ Սարգսյանի գործողությունները, որը սպանել է իր ընտանիքի վրա հարձակված անձանց

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունը արդարացնում է Տուլայի նահանգում բնակվող ձեռներեց Գեղամ Սարգսյանի գործողությունները, որը երեք մարդ է սպանել՝ պաշտպանելով կնոջն ու 5 երեխաներին: ՌԻԱ Նովոստի գործակալության անցկացրած հարցման արդյունքում մասնակիցների 48,6 տոկոսը կարծիք է հայտնել, որ Սարգսյանը գործել է օրենքի սահմաններում՝ պաշտպանելով իր կնոջն ու երեխաներին, իսկ ևս 45,6 տոկոսը կարծիք է հայտնել, որ քաղաքացիներին ավելի շատ իրավունքներ պետք է տրվեն ինքնապաշտպանության համար, որպեսզի նման հարցեր չառաջանան: Հարցվածների միայն 0,2 տոկոսն է գտնում, որ Սարգսյանը գերազանցել է ինքնապաշտպանության թույլատրելի նորմերը և նրան պետք է դատել սպանության համար:

Տուլայի նահանգի Քննչական վարչության ղեկավար Տատյանա Սերգեևան հայտնել է, որ քննությունը չի բացառում, որ ինքնապաշտպանության թույլատրելի սահմանները գերազանցվել են: Հարուցվել է քրեական գործ երկու և ավելի անձանց սպանության փաստի առիթով: Նման հանցանքի համար սահմանված առավելագույն պատիժը ցմահ բանտարկությունն է: Այս միջադեպը ակտիվ քննարկման առարկա է դարձել ինտերնետ հանրության շրջանում, որին միացել է նաև Տուլայի նահանգի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը՝ խոստանալով պաշտպանել գործարարին: «Նա իսկական «մուժիկ է», թույլ չենք տա, որ նրան նեղացնեն»,-գրել է նահանգապետը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ ռուսական իրավապահ մարմինների, շաբաթ երեկոյան Տուլայի մարզի Բոգորոդիցկ քաղաքում չորս զինված կողոպտիչ ներխուժել է ձեռներեց Գեղամ Սարգսյանի տուն, որտեղ նա բնակվում էր կնոջ, ավագ դստեր և չորս փոքր երեխաների հետ, որոնցից ամենափոքրը դեռ մեկ տարեկան էլ չկա: Հանցագործները ծեծել են ընտանիքի անդամներին, սակայն տղամարդը կարողացել է խոհանոցային դանակով հարվածներ հասցնել երեք հարձակվողներին՝ արդյունքում բոլորը մահացել են: Չորրորդ կողոպտիչը թաքնվել է: Տան տերը հոսպիտալացվել է, ընտանիքի մյուս անդամներին բուժօգնություն է ցուցաբերվել: Քննությանը հաջողվել է պարզել հարձակվողների անձը, բոլորը նախկինում դատված են եղել:

Ըստ ՆԳՆ տարածքային վարչության պետ Անդրեյ Միշագինի, հարձակումը, հավանաբար, կապված է եղել Գեղամ Սարգսյանի տնտեսական գործունեության հետ: Բոլոր չորս հարձակվողները, ըստ նախնական տվյալների, Տուլայի մարզ են ժամանել Մերձմոսկովյան տարածաշրջանից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---