10 ապրիլի 2012 - 12:56 AMT
Կարեն Աղամալյան. Հայ բռնցքամարտիկներն ի զորու են նվաճել օլիմպիական ուղեգրեր

Ապրիլի 14-ին Տրապիզոնում մեկնարկում է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ հանդես են գալու հայ յոթ մարզիկներ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի որոշմամբ մրցաշարին մասնակցելու են Կորյուն Սողոմոնյանը (49 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (52 ք/կ), Արամ Ավագյանը (56 ք/կ), Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ), Արա Պուլուզյանը (64 ք/կ), Հրայր Մաթևոսյանը (69 ք/կ) և Արթուր Խաչատրյանը (81 ք/կ):

Հավաքականի հետ մրցաշարին մեկնելու են նաև թիմի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, բժիշկներ Համլետ Բեղոյանը և Մեխակ Ղազարյանը, վաստակավոր մարզիչ և միջազգային մրցավար Վարդան Բաղդասարյանը, իսկ պատվիրակությունը գլխավորելու է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, բռնցքամարտի եվրոպական միության գործադիր կոմիտեի անդամ Դերենիկ Գաբրիելյանը:

Ապրիլի 11-ին հայկական պատվիրակությունն ավտոբուսով մեկնելու է Թբիլիսի, որտեղից ինքնաթիռով ժամանելու է Ստամբուլ, այնուհետև՝ Տրապիզոն:

«Մեր բոլոր բռնցքամարտիկներն ունեն միջազգային մրցաշարերում հանդես գալու հսկայական փորձ: Նրանք բոլորը լավ մարզավիճակում են և մեկնում են Տրապիզոն օլիմպիական ուղեգրեր նվաճելու համար: Կարծում եմ, որ նրանք ի զորու են ապահովել իրենց մասնակցությունը լոնդոնյան խաղերին»,- Աղամալյանի խոսքերը հաղորդում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: