
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ ապրիլի 14-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին և վարչական շրջաններին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին և ծառատունկին, ինչպես նաև պատշաճ իրազեկել շահագրգիռ գերատեսչություններին ու կազմակերպություններին` գործընթացն առավել հասցեագրված իրականացնելու համար: «Բացի կազմակերպված ծառատունկի, որն իրականացվելու է առանձնացված որոշակի վայրերում, բնապահպանության վարչությունը նաև բակերում է ծառերի տնկիներ հատկացնելու, որպեսզի մեր բնակիչները ևս հնարավորություն ունենան իրենց բակերում ծառատունկ իրականացնել: Բոլորս միասին մասնակցենք ծառատունկին և շաբաթօրյակին ու միասին մաքրենք մեր քաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով նախատեսված բարեկարգման և կանաչապատման աշխատանքները: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
Ասֆալտապատման գործընթացին զուգահեռ, մեկնարկել են նաև վերգետնյա երեք անցումների կառուցման աշխատանքները:
Անդրադառնալով նոր երթուղային ցանցի ներդրմանը, քաղաքապետը, կարևորելով երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների ժամանակին անցկացումը, ընդգծել է. «Մրցույթները լինելու են բաց և թափանցիկ: Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ և պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով և WiFi կապով:
Բոլոր տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել և խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչև պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաև նախորդ տարիներին տրված, բայց դեռևս անավարտ շինարարություններին:
Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ և գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի և, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության և բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները: