10 ապրիլի 2012 - 14:26 AMT
Արմեն Երիցյանը պարգևատրել է փրկարարներին օգնության հասած «Համերների» վարորդներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր տեղի է ունեցել բազմաթիվ մարդկանց ավտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգևատրման արարողությունը։ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից PanARMENIAN.Net-ին հայտնեցին, որ փրկարարական աշխատանքներում արդյունավետ օգնություն ցուցաբերելու, դժվար իրավիճակում հայտնված մարդկանց օգնելու ընթացքում դրսևորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմեն Երիցյանը ԱԻՆ պատվոգրով պարգևատրել է ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Հակոբյանին և Կարապետ Մելքոնյանին։

Փետրվարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևան-Սևան ավտոմայրուղու 25-րդ կիլոմետրում։ Ձնաբքի հետևանքով խցանման մեջ էին հայտնվել տասնյակ ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում իրականացված փրկարարական աշխատանքներում Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարարների և ճանապարհային ոստիկանների հետ կամավոր կերպով «Համեր» մակնիշի սեփական ավտոմեքենաներով արդյունավետ աշխատել են երկու քաղաքացիներ, ինչի արդյունքում հաջողվել է խուսափել զոհերից և վիրավորներից` ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց։

«Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր՝ փրկարարների կողքին։ Ինձ հաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք։ Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կա, քանի որ յուրաքանչյուրը կարող է օգնության հասնել դժվարության մեջ հայտնվածին։ Կարծում եմ, հասարակությունը պետք է գնահատի նման մարդկանց անձնվեր աշխատանքը»,- վստահեցրել է ԱԻ նախարարը։

Աղաբեկ Հակոբյանն ու Կարապետ Մելքոնյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախարարին` դրսևորած վերաբերմունքի և իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար։