10 ապրիլի 2012 - 15:12 AMT
Մարաղայի ջարդերի պատճառը գյուղի մատույցներով անցնող նավթատարն էր

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն Երևանում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Ադրբեջանի կողմից Մարաղա գյուղի հայերի Ցեղասպանության 20-րդ տարելիցին: Միջոցառման ժամանակ Մարաղայի սարսափելի դեպքերի ականատեսները պատմել են իրենց գլխին եկածը:

Արայիկ Գրիգորյանը պատմել է. «Ապրիլի 10-ին ադրբեջանցի զինվորները տանկերի հետ միասին մտան գյուղ՝ այրելով տները, սպանելով հանդիպած մարդկանց, կապելով նրանց տանկերին: Մահացան տասնյակ մարդիկ, շատերին գերի տարան, մնացածներին հրաշքով հաջողվեց փրկվել»: Ինչպես նշել են միջոցառման մասնակիցները, Մարաղայում նման գործողությունների հիմնական գործոններից մեկը եղել է նավթատարը, որն անցնում է գյուղից ոչ հեռու: Հենց նավթի ծարավն է ադրբեջանցիներին տարել այնտեղ: Ինչպես նշել է ԱԺ պատգամավոր և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը, պատահական է թե, ոչ, բայց հրադադար է կնքվել հենց այն ժամանակ, երբ ղարաբաղյան ուժերը փորձել են վերադարձնել գյուղը և հարձակվել նավթատարի վրա: Հրադադարից հետո գյուղն այդպես էլ մնացել է «այն կողմում»` Ադրբեջանի տիրապետության տակ:

Միջոցառման ավարտին ցուցադրվել է ֆիլմ՝ նվիրված Մարաղայի դեպքերին: Այն նկարահանվել է անցյալ տարի Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի կենտրոնի աջակցությամբ:

1992թ. ապրիլի 10-ին Մարաղա գյուղը հարձակման ենթարկվեց ադրբեջանական զինվորների կողմից՝ արդյունքում գյուղն ամբողջապես ավիրվեց, 59 մարդ սպանվեց, 57 հոգի գերեվարվեց, այդ թվում 9 երեխա և 29 կին, ևս 19 հոգի մինչ օրս համարվում է անհայտ կորած: