10 ապրիլի 2012 - 15:27 AMT
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կնշեն Համո Բեկնազարյանի 120-ամյակը

Ապրիլի 12-ին Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրվելու է Համո Բեկնազարյանի 120-ամյակին և նվիրվելու է հայ կինոյի օրվան: Միջոցառման ընթացքում ցուցադրվելու է «Զարե» ֆիլմը, ելույթ է ունենալու կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը:

Համո Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երևանում: 1914թ-ից նկարահանվել է ռուսական ֆիլմերում, դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին: 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր: 1923թ-ին Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում և հիմնադրել «Հայֆիլմ» կինոստուդիան: 1926թ. նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` «Նամուսը»: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` «Պեպոն» դարձել է ոչ միայն Բեկնազարյանի գլուխգործոցը, այլև տեղ գտել ժողովրդական կինոյի ոսկե պահոցում: Ավելի ուշ Բեկնազարյանը նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր` «Դավիթ Բեկ» (1943թ.) և «Զանգեզուր» (1938թ.): Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: «Երրորդ քարավան» ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնաց անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելվեցին և նախագիծը փակվեց: Բեկնազարյանը խոր ցավով և կսկիծով լքեց «Հայֆիլմ» կինոստուդիան ու Հայաստանը և սկսեց ֆիլմեր նկարել միջինասիական հանրապետություններում: Մ Բեկնազարյանը մահացել է 1965թ. ապրիլի 27-ին Մոսկվայում` ծանր հիվանդությունից: