10 ապրիլի 2012 - 17:10 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը համամիտ է, որ իշխանությունները խնդիրներ կունենան ընտրությունները կեղծելու դեպքում

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանել է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի այն խոսքերը, թե ընտրությունները կեղծելու դեպքում «իշխանություններին շատ հետաքրքիր մայիսի 7 է սպասում»: «Մենք մասնակցում ենք ընտրություններին և հավատում ենք մեր հաղթանակին: Սակայն, եթե փորձեն հերթական անգամ նկարազարդել այս ընտրությունները, ապա, ես համամիտ եմ այդ գնահատականներին, ով էլ որ տալիս է դրանք, մեր պետությունը կհայտնվի ոչ թե «հետաքրքիր», այլ հիվանդագին վիճակում»,-հայտարարել է Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին: Ըստ նրա, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրոք ազատ ու արդար ընտրություններ կայանան:

«Մենք պատրաստ ենք ազատ ընտրությունների դեպքում և շնորհավորել, և շնորհավորանքներ ընդունել: Սակայն, կարծում եմ, որ եթե շեղվենք այդ սահմանադրական պահանջից, ապա քաղաքացիական հանրությունը կասի իր միասնական խոսքը վերկուսակցական առումով»,-հավելել է «Ժառանգության» առաջնորդը:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, ազատ և արդար ընտրությունների գնահատման չափանիշներն են ընտրություններին մասնակից կուսակցությունների ֆինանսական միջոցների թափանցիկությունը, քարոզչության հավասար հնարավորությունները ԶԼՄ-ներում, ընտրակաշառքի բացառումը, ընտրացուցակների զտումը: «Եթե այս չափորոշիչները չապահովվեն, ես գտնում եմ, որ Հայաստանը կսկսի գահավիժել, իսկ դա հարված կհասցնի մեր պետական, ազգային ու քաղաքացիական շահերին: Այդ դեպքում կհայտնվենք բոլորիս համար անցակալի մի հանգրվանում»,-ասել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք Հայ ազգային կոնգրես