10 ապրիլի 2012 - 17:24 AMT
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունը ներդնում է որակի չափանիշներ` արտադրանքը ՌԴ և ԵՄ շուկաներ արտահանելու համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և այլ պաշտոնական անձնաց ուղեկցությամբ այցելել է Կոտայքի մարզում տեղակայված «Բեկոն պրոդուկտ» ԲԲԸ: Ձեռնարկության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը վարչապետին է ներկայացրել սննդամթերքի որակի բարձրացման նպատակով հեղինակավոր «Schieler» ընկերությունից ձեռք բերված նոր հոսքագծերը:

Ինչպես հաղորդել է Կարեն Մարգարյանը, ձեռնարկությունը ներդնում է որակի չափանիշներ`(Hazard analysis and critical control point - HACCP) արտադրանքը Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Եվրոպայի շուկաներ արտահանելու համար: Այսօրվա դրությամբ, «Բեկոն պրոդուկտն» արտադրում է մոտավորապես 100 անուն արտադրանք: Օրական արտադրվում է 5 տոննա մսամթերք, սակայն արտադրական հզորության ավելացումն ու նոր արտադրական գծերի ներդրումը հնարավորություն են տալիս օրական 20 տոննա արտադրանք տալ: Դրանց թվում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել դիետիկ «Բժշկական» տեսակի երշիկի արտադրությանը, որի բաղադրության մեջ ճարպերի քանակը 3 անգամ պակաս է ավանդական «Բժշկական» տեսակում պարունակվողից: «Այդ արտադրանքի համար 2010թ մենք պայմանագիր ենք կնքել Ռուսաստանի մսամթերքի միության հետ»,-ասել է ընկերության ղեկավարը:

«Բեկոն պրոդուկտի» ղեկավարի խոսքով, վերջին երկու տարիների ընթացքում հաջողվել է ավելացնել ընկերության շրջանառությունը, երկու անգամ ավելացվել աշխատակիցների թիվը` այն հասցնելով 100-ի: Ընկերության 2012թ ծրագրերի մասին խոսելով` Կարեն Մարգարյանն ասել է, որ նոր արտադրական գծերի հաշվին կհաջողվի 40 տոկոսով ավելացնել արտադրանքի արտահանման ծավալները: Այսօրվա դրությամբ ընկերության արտադրանքի միայն 7-10 տոկոսն է արտահանվում Վրաստան, իսկ մսամթերքի արտադրության համար հիմնականում օգտագործվում է միս, որը ներկրվում է Բրազիլիայից և Արգենտինայից: Գործադիր տնօրենի հավաստմամբ, այդ միսն իր որակով չի զիջում տեղականին, գնի առումով էլ` ավելի մատչելի է: