10 ապրիլի 2012 - 18:20 AMT
Հնդկաստանի դեսպանն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետն ասել է. «Կարող ենք գոհունակությամբ նշել, որ այս տարիների ընթացքում նկատվում է էական աշխուժացում հայ-հնդկական հարաբերություններում: Բավական է հիշատակել, որ մեծ սիրով մասնակցեցինք հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի բացմանը Երևանի պետական համալսարանում: Սա նշանակալի իրադարձություն է մեր հարաբերություններում, որովհետև ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և Հնդկաստանի փորձն այդ առումով ուսանելի է և կարևոր»:

Կառավարության անունից շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության և համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: Աչալ Կումարը Մալհոտրային ընդգծել է, որ Հնդկաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները և շահագրգռված է գործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու գործում:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում միշտ ուրախ են հյուրընկալելու Աչալ Կումար Մալհոտրային: