10 ապրիլի 2012 - 18:29 AMT
Ալի Սալիմ Ասադ. Թուրքիան Սիրիայում վաղուց մարտական գործողություններ է անցկացնում, միայն գաղտնի

Սիրիայում իրավիճակի կարգավորման «ճգնաժամային սցենարի» մասին թուրքական հայտարարությունների առիթ է ծառայել Թուրքիայի սահմանամերձ շրջաններում փախստականների ճամբարների հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտարարել է սիրիացի հասարակական գործիչ, դոկտոր Ալի Սալիմ Ասադը, հաղորդում է Gtimes-ը: Նրա խոսքով, դրանք ստեղծվել են Թուրքիայի կողմից երկակի նպատակներով: «Իսկապես, Կիլիսի և Հաթայի ճամբարներ են փախել Ջիսր էշ Շուգուր, Իդլիբ սիրիական շրջանների բնակիչներ: Փախստականների հետ միասին այնտեղ են փախել ընդդիմության գրոհայիններ: Արդյունքում Թուրքիայում փախստականների ճամբարները դարձել են «Ազատ սիրիական բանակի» գրոհայինների բազաները: Հենց փախստականների ճամբարներից է կատարվում Սիրիայի ողջ տարածքում գրոհայինների գործողությունների կառավարումը: Բնական է, որ Թուրքիան ընդդիմության գրոհայիններին ցուցադրում է բազմակողմանի աջակցություն և օգնություն»,- ասել է Ասադը:

Ինչ վերաբերվում է մարտական գործողություններին, ապա, նրա խոսքով, Թուրքիան դրանք Սիրիայում վարել է նաև նախկինում: Բայց դրանք եղել են թուրքական հատուկ ծառայությունների գաղտնի գործողություններ, որոնց շրջանակներում ստեղծվել են գրոհայինների բազաներ, զենք մատակարարելու ուղիներ, լոգիստիկա, հոսպիտալներ և այլն: