11 ապրիլի 2012 - 10:34 AMT
«Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» ֆոտոնախագիծն արժանացել է միջազգային պարգևի

Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առևտրային կենտրոնը, արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի:

Ինչպես հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Թեյլոր-Լինդի աշխատանքում ներկայացված է ԼՂՀ-ում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեծապես տուժած տարածաշրջանի ժողովրդագրական կայուն զարգացումը:

Անաստասիա Թեյլոր-Լինդին տրվելու է 10 000 դոլար պարգևավճար իսկ աշխատանքը ցուցադրվելու է Սանտա-Ֆե, Նյու –Մեքսիկո քաղաքներում: Նրան հնարավորություն է ընձեռվելու նաև ներկա գտնվել Սանտա-Ֆեի լուսանկարչական հավաքածուների ամենամյա դիտումներին, որտեղ հավաքվում են հարյուրավոր լուսանկարիչներ, խմբագիրներ և կազմակերպիչներ:

Մրցույթի հանձնախմբի անդամները ներկայացնում էին Դանիան, Մեքսիկան, Նիդեռլանդները, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները: Մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ «անկախ այն վայրից, որտեղ կատարվել են հեղինակին հաղթանակ բերած լուսանկարները, այդ աշխատանքը շոշափել է համընդհանուր թեմաներ, այն ինչ-որ չափով միջազգային ծավալով վեր է հանում մեզ բոլորիս վերաբերող հիմնախնդիրներ»: