11 ապրիլի 2012 - 12:51 AMT
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «մեղմ» հայերի փնտրտուքներում

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն իր «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը «մեղմ» հայերի փնտրտուքներում» հոդվածում գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Թուրքիայի «անընդհատ վազքի մեջ գտնվող մարդը», իր խիստ զբաղված օրակարգին ավելացրել է նոր պարտականություն. ճանապարհորդել աշխարհով մեկ՝ փորձելով հավաքագրել «տրամաբանական» հայերին։

Դավութօղլուն ձեռնամուխ է եղել նման հուսահատ նախաձեռնությանը այն բանից հետո, երբ հայերին մասնատելու և նվաճելու, ինչպես նաև իրենց արդար դատի պայքարը թուլացնելուն ուղղված Թուրքիայի փորձերը ձախողվեցին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանեց, որ իրեն այս հրատապ ջանքերին մղել է Հայոց ցեղասպանության մոտալուտ100–րդ տարելիցը, որը Դամոկլեան սուրի նման կախված է իր երկրի վրա։

Թուրք–հայկական հաշտեցման հանձնաժողովի լուծարումից և աշխարհով մեկ «բարեկամ» հայեր փնտրելու անօգուտ փորձերի ձախողումից հետո, Անկարան ձեռք քաշեց սփյուռքից և իր ուշադրությունը սևեռեց դեպի «ավելի մեղմ թիրախ»՝ Հայաստանի կառավարությանը։

Գոհ չլինելով իր դիվանագետների աշխատանքից՝ Դավութօղլուն որոշեց անձամբ զբաղվել այս նոր նախաձեռնությամբ։ Անցյալ ամիս, նա մի քանի ժամ անցկացրեց Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալով Լոս Անջելեսից մի քանի հայերի և ոչ հայերի հետ՝ քննարկելու համար «հայ–թուրքական հաշտեցման» հնարավորությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հրավիրեց իր հյուրերին այցելել Անկարա և իրենց հետ բերել այլ «ականավոր» հայերի։ Այդ ժամանակից ի վեր Դավութօղլուն այլ վայրերում ևս ունեցել է նման հանդիպումներ։

Այն հայերը, ովքեր կներգրավվեն Թուրքիայի հավաքագրման պլաններում, հավանաբար ձգտում են համբավի կամ հարստության, կամ բարի մտադրություն ունեցող միամիտ լավատեսներ են։ Այնուամանայնիվ, անկախ նրանից, թե որոնք են վիճահարույց գործելակերպերում ներրգրավվելու նրանց դրդապատճառները, պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների հետևանքների մասին, գրում է Հարութ Սասունյանը: