11 ապրիլի 2012 - 14:45 AMT
Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջում է ՄԱԿ Անվտանգության խորհրդից «պաշտպանել Սիրիայի ժողովրդին»

Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել է ՄԱԿ Անվտանգության խորհրդից բանաձև ընդունել, որն անհրաժեշտ միջոցներ է սահմանում Սիրիայի ժողովրդի պաշտպանության համար: Նախարարության գրավոր հայտարարությունում ուշադրություն է դարձվել նրան, որ Սիրիայի վարչակազմը չի կատարել Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական երկրների լիգայի բանագնաց Քոֆի Աննանի առաջարկած ծրագրով իր ստանձնած խոստումները և շարունակում է բռնություն կիրառել:

Թուրքիայի հայտարարությունում շեշտվում է, որ խաղաղ բնակչության նկատմամբ սիրիական ռեժիմի բռնությունները հաճախակի են դարձել թուրք-սիրիական սահմանին:

Հայտարարությունում ասվում է. «ՄԱԿ ԱԽ հայտարարությունում պայման է դրվել ապրիլի 12-ից 48 ժամ առաջ բռնությունը դադարեցնելու մասին, և սիրիական ղեկավարությունը պետք է լիովին կատարեր Աննանին տված խոստումները: Քանի դա չի կատարվել, մենք ԱԽ-ից սպասում ենք բանաձևի ընդունում, որը սահմանում է միջոցներ սիրիացի ժողովրդի պաշտպանության համար»: