11 ապրիլի 2012 - 17:02 AMT
Նվեր Դավթյան. Ադրբեջանը միանում է Իրանի շուրջ ՀՀՊ համակարգի ստեղծմանը

«Ադրբեջանի կողմից Իսրայելից գնված սպառազինությունը Հայաստանի դեմ օգտագործելու հնարավորությունը խիստ կասկածելի է»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել են ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը և իրանագետ Նվեր Դավթյանը: «Ադրբեջանին տրամադրվող սպառազինությունը հիմնականում կազմված է հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համալիրներից, ինչպես նաև ծովային սպառազինությունից, ինչն իր հերթին վկայում է այն մասին, որ այն չի ուղղվելու Հայաստանի և ԼՂՀ դեմ»,- նկատել են բանախոսները: ԼՂՀ-ն անհրաժեշտության դեպքում պաշտպանական պայքար կմղի և խոսքը չի գնում Ադրբեջանի տարածքում հարձակման անցնելու մասին, կարծում են փորձագետները: Ինչպես ասել է Նվեր Դավթյանը, Ադրբեջանը պետք է լուրջ պատճառ ունենա արաբական և մասամբ մահմեդական աշխարհի գլխավոր թշնամուց՝ Իսրայելից, սպառազինություն գնելու համար: Այդ պատճառն Իրանի շուրջ հակահրթիռային համակարգ ստեղծելն է, այդ ուղղությամբ աշխատում է արաբական երկրների մի մասը: Ցանկացած ռազմական փորձագետի հասկանալի է, որ այդ սպառազինությունները նախատեսված են Կասպից տարածաշրջանում Ադրբեջանին ուժեղացնելու համար և ուղղված են Ռուսաստանի ու առաջին հերթին Իրանի դեմ:

Հակաօդային պաշտպանության նպատակով ձեռք են բերվել Barak-8 տիպի համակարգեր, ներառյալ 75 հրթիռ: Այդ հրթիռների մեկ հատի արժեքը 1,6 միլիոն դոլար է: Մեկ հրթիռը կշռում է 98կգ, մարտագլխիկների քաշը 21,8 կգ է, թիրախավորումը` 10 կմ շառավղով: Հրթիռները մեծ խնամք չեն պահանջում և գործարկվում են դեպի վերև: Ռադիոլոկացիոն համակարգերի ծածկույթը 360 աստիճան է, հրթիռները կարող են մոտ 500 մ հեռավորությունից գրանցել հականավային հրթիռների տվյալները:

Պատվիրված զենքի թվում են հականավային Gabriel հրթիռները: Այդ զենքը կշռում է 522կգ, նրա ազդեցության հեռահարությունը 36 կմ է: Ադրբեջանն այն օգտագործելու է պաշտպանելու համար Կասպից ծովի ափամերձ տարածքը Իրանի նավերի հնարավոր ներխուժումից: