14 ապրիլի 2004 - 20:21 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ` ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՒԺՈՎ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եթե իրավիճակը Հայաստանում հանգեցնի քաոսի կամ սուր ներքաղաքական առճակատման, ապա Ադրբեջանը հնարավորություն կստանա օգտվել դրանից իր տարածքները ուժով ազատագրելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, այդ դեպքում Ադրբեջանը կվարվի այնպես, ինչպես «ժամանակին վարվեցին հայերը` Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները զավթելու համար, օգտվելով Ադրբեջանում քաղաքացիական հակամարտության իրավիճակից, որը առաջացել էր Սուրեթ Հուսեյնովի գործողությունների հետեւանքով»: Սակայն, դատելով ամեն ինչից, դրան գործը չի հասնի, ասել է քաղաքագետը: Միեւնույն ժամանակ, նա չի բացառել, որ «հայկական կողմը կարող է օգտագործել բոլոր հնարավորությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իրենց ցանկացած ձեւով հասնելու, կամ իրավիճակը կոնսերվացնելու համար»: Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով, այդ նպատակներին հասնելու համար հայերը կարող են գնալ եւ սեփական կառավարության տապալմանը: Եվ քանի դեռ նոր ղեկավարությունը կմտնի հունի մեջ եւ կսկսի ենթարկվել արտաքին ճնշումների, ժամանակ կանցնի, գտնում է նա: «Ես կարծում եմ, որ որեւէ առաջխաղացում խաղաղ կարգավորման հարցում չի ակնկալվում: Նման փոփոխությունը Հայաստանում կարող է արգելակել կարգավորման գործընթացը, որն առանց այն էլ փակուղում է գտնվում»,- եզրափակել է ադրբեջանցի քաղաքագետը: