14 ապրիլի 2004 - 22:11 AMT
ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԳԵՐԱԶԱՆՑ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ
Վերջին 2,5 տարիների ընթացքում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգանում է շատ արագ տեմպերով եւ գտնվում է գերազանց մակարդակի վրա: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Դեսպանը նշել է, որ այդ համագործակցությունն իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ եւ չի սահմանափակվում միայն միջոցների եւ սարքավորումների հատկացմամբ: Մասնավորապես, ասել է Ջ.Օրդուէյը, ԱՄՆ կշարունակի իր ռազմական հաստատություններում հայ սպաների ուսուցման ծրագրերը եւ հետագայում եւս կաջակցի ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ գումարտակին: Բացի այդ, նշել է դեսպանը, «մենք կշարունակենք քննարկել համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունները»: Նշենք, որ Ջոն Օրդուէյը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը այսօր Թալինում մասնակցել են ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության միջոցներով վերանորոգված հիվանդանոցի բացման արարողությանը: