14 ապրիլի 2004 - 22:23 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋԻ» ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն դիմել է Հայաստանի իշխանություններին կոչով` երաշխավորել համապատասխան միջազգային փաստաթղթերով նախատեսված մարդու իրավունքների պաշտպանությունը: Ինչպես հաղորդել են Երեւանի ԵԽ մամլո գրասենյակում, այդ մասին Վ.Շվիմերը հայտարարել է այսօր Սթրասբուրգում` ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ հանդիպումից հետո: «Մենք ոչ ամբողջական եւ հակասական հաղորդագրություններ ենք ստացել ոստիկանության կողմից ուժի չափից դուրս կիրառման եւ ձերբակալությունների, այդ թվում` պատգամավորների ձերբակալությունների մասին: Դա հաստատում է այն, որ եթե Հայաստանում ԶԼՄ-ների լիակատար ազատություն լիներ, մենք կունենայինք իրավիճակի ամբողջական նկարագիրը», - նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Վ.Շվիմերը հայտարարել է Հայաստանում «հակաժողովրդավարական նահանջի» անընդունելիության մասին: Ժողովրդավարության պայմաններում մարդիկ իրավունք ունեն հավաքվել եւ ներկայացնել իրենց հայացքները, նույնիսկ եթե դրանք քննադատություն են պարունակում կառավարության եւ նախագահի հասցեին», - հայտարարել է նա: «Ես կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խուսափել բռնությունից, վերսկսել երկխոսությունը եւ կենտրոնանալ ժողովրդավարական բարեփոխումների վրա», - հայտարարել է ԵԽ ղեկավարը: