12 ապրիլի 2012 - 11:54 AMT
Տիգրան Սարգսյանը գոհ է «Ես գիտեմ» ակցիայի արդյունքներից

Բացելով կառավարության նիստը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամփոփել է «Ես գիտեմ» ակցիայի արդյունքները, որն, ըստ նրա, դրական արդյունքներ է տվել, և քաղաքացիները գիտեն իրենց իրավունքները պետական կառույցներին դիմելիս` ծառայություններ ստանալու համար:

Մասնավորապես, կառավարության կողմից իրականացված մոնիտորինգը ցույց է տվել, որ տեխզննման գործընթացի պարզեցումը գոհացնում է հարցվածների 90,7 տոկոսին, բժշկական տեղեկանքի տրամադրման դադարեցումը` 87,5 տոկոսին, նոտարային ծառայությունների հստակեցումը` 84,4 տոկոսին, վարորդական իրավունքի ստացման գործընթացի պարզեցումը` 82,1 տոկոսին, անշարժ գույքի վարձակալության, առք ու վաճառքի ընթացքում անշարժ գույքի հաշվառման դադարեցումը` 79,9 տոկոսին:

«Ես գիտեմ» քարոզարշավը, որը բնակչությանը տեղեկացնում է այն բարեփոխումների մասին, որոնք կառավարությունն իրականացնում է հանրային կառավարման ոլորտում 2007-2012թթ, մեկնարկել է ապրիլի 1-ին: «Ամերիա» քոնսալթինգային ընկերության կողմից իրականացվող քարոզարշավը, իրականացվում է մեկ ամսվա ընթացքում: Վերջինիս աջակցում է Համաշխարհային բանկը:

«Ակցիայի նպատակն է քաղաքացիներին տեղեկացնել գոյություն ունեցող համակարգի կողմից տրամադրվող հնարավորությունների մասին, որոնք թույլ են տալիս արդյունավետ կերպով պաշտպանել իրենց իրավունքները դատական և ոչ դատական վեճերի ընթացքում»: