12 ապրիլի 2012 - 11:57 AMT
ՄՖԿ-ն հայ գործարարներին կներկայացնի էներգաարդյունավետ տեխնոլոգիաները

Ապրիլի 12-ին Երևանում մեկնարկել է «Էներգաարդյունավետություն էքսպո» ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC): Ցուցահանդեսին ներկայացված է այն ընկերությունների արտադրանքը,որոնք կիրառում են էներգաարդյունավետության տեխնոլոգիաներ: Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև ապրիլի 14-ը, ցուցահանդեսը հանդիսանում է IFC-ի` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված խնդիրների հաղթահարմանը ուղղված նախաձեռնության մաս, որի նպատաներից է կազմակերպություններն ավելի քիչ ռեսուրսատար և ավելի շահութաբեր դարձնելը: «Ցուցահանդեսի նպատական է մեր ձեռներեցներին և տնտեսություններին ծանոթացնել էներգաարդյունավետության տեխնոլոգիաների կիրառմանն ինչպես բիզնեսում, այնպես էլ կենցաղում»,-ասել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» ղեկավար Տիգրան Փարվանյանը:

Իր հերթին ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների փոխնախարար Լևոն Վարդանյանն ասել է, որ իրեն ուրախացնում է այս ոլորտում զբաղված մասնագետների թիվը, և «մենք առաջ ենք շարժվում էլեկտրամատակարարման զարգացման ուղիով»: Այս առնչությամբ նա հավելել է, որ առաջիկայում տեղի կունենա Ռիա+20 գագաթաժողովը, որի շրջանակներում քննարկվելու են նաև էլեկտրամատակարարման խնդիրները: «Մենք պետք է ռեսուրսները բաժանենք և շահագործենք այնպես, որպեսզի դրանք հասանելի լինեն նաև մեր գալիք սերունդներին»,-ասել է նա: Փոխնախարարը նաև ընդգծել է այսօր անցկացվող ցուցահանդեսի կարևորությունը, որը թույլ կտա բացահայտել Հայաստանի էներգաարդյունավետություն պոտենցիալը:

Ցուցահանդեսը կազմակերպված է IFC-ի Հայաստանում կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցության շնորհիվ: Նախագիծն իրականացնում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: