12 ապրիլի 2012 - 15:58 AMT
Փորձագետ. ՌԴ համար կարևոր է ոչ թե Գաբալայի ՌԼԿ օգտագործումը, այլ ներկայությունն Ադրբեջանում

«Գաբալայի ՌԼԿ-ն հնացել է և դրա արդյունավետությունը շատ ցածր է»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Եթե Ռուսաստանին ՀՀՊ համալիր է անհրաժեշտ Կովկասում, ապա նա պետք է նոր սերնդի համակարգ կառուցի կամ հիմնվի Արմավիրում (Ռուսաստան) տեղակայվածի վրա: Գաբալայի խնդիրը քաղաքական է. Ադրբեջանն ուզում է օգտագործման գնի բարձրացմամբ (մինչև $300 մլն) Ռուսաստանին ստիպել լքել իր տարածքը, մինչդեռ Ռուսաստանը հակառակը` ձգտում է մնալ, անկախ նրանից` ՀՀՊ համակարգը լավ կգործի, թե ոչ, Մոսկվայի համար, ամենայն հավանականությամբ, կարևոր է ներկայությունը երկրում: Փորձագետի խոսքով` ռուսական լրատվամիջոցներում գնալով ավելի հաճախ են խոսում Ադրբեջանի հետ բանակցություններում խնդիրների մասին, բայց եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում իր ներկայությունն Ադրբեջանում, ապա միջոց կգտնի պայմանավորվելու ադրբեջանական իշխանությունների հետ: Իսկ եթե Ռուսաստանին ՀՀՊ համակարգ է հարկավոր, ապա միանգամայն հավանական է, որ նա սկսի նորը կառուցել ավելի հարմար վայրում, քանի որ խորհրդային տարիներին կառուցված Գաբալայի համալիրը ներկա պահին չի համապատասխանում անհրաժեշտ պահանջներին: