12 ապրիլի 2012 - 17:07 AMT
Ապրիլի 14-ին Երևանում շաբաթօրյակ է հայտարարված

Երևանի քաղաքապետանը մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին, բիզնես կառույցներին, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատություններին, համատիրություններին և ընդհանրապես բոլոր երևանցիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ապրիլի 14– համաքաղաքային շաբաթօրյակին։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից`այդ օրը մաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կտարվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Առանձնակի ուշադրություն կդարձվի հատկապես բակային տարածքների մաքրմանն ու բարեկարգմանը։

Այդ նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր վարչական շրջանների աշխատակազմերին, համատիրություններին, տարբեր կազմակերպությունների տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման այլ միջոցներ։

Մայրաքաղաքում իրենց գործունեությունն իրականացնող շինարարական կազմակերպություններն այդ օրը աղբի հավաքման և տեղափոխման նպատակով կտրամադրեն անհրաժեշտ մեքենամեխանիզմներ։

Մաքրման աշխատանքներին զուգահեռ,գարնանային ծառատունկի շրջանակում, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի օրը կտնկվի շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տնկիներ կտրամադրվեն նաև համատիրություններին։