12 ապրիլի 2012 - 18:26 AMT
Սկսվել է վավերագրական ֆիլմերի արտադրությանն աջակցող CAUCADOC ծրագիրը

Այսօր` ապրիլի 12-ին «Ակումբ» սրճարանում մեկնարկեց CAUCADOC ծրագիրը:

CAUCADOC (Caucasus Documentary) ծրագրի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի արտադրությանը և դրանց օգտագործմանը կրթական ու հաղորդակցության նպատակներով։ Ծրագրի ընթացքում կկազմակերպվեն վավերագրական ֆիլմերի արտադրության դասընթացներ, վարպետության դասեր, դասախոսություններ և աուդիովիզուալ ոլորտի հիմնախնդիրների շուրջ քննարկումներ։

Երկու տարվա ընթացքում այդ ծրագրով Եվրոպայի վավերագրական ֆիլմարտադրության ոլորտի փորձառու մասանգետները դասընթացներ կանցկացնեն տարածաշրջանի ֆիլմարտադրողների համար:

Շնորհանդեսի ժամանակ հայտարարվեց պրոֆեսիոնալ ֆիլմարտադրողների համար դասընթացի առաջարկ, որին բացի Հայաստանից, կարող են մասնակցել նաև Վրաստանի և Ադրբեջանի ֆիլմարտադրողները:

CAUCADOC ծրագիրն իրականացնում են երեք կազմակերպություններ՝ People in Need, Sakdoc Film և «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն, Եվրոպական միության աջակցությամբ։ Ֆիլմերն առայժմ ֆինանսավորում չունեն: Նախագծին կարող է մասնակցել ցանկացած անձ, առանց տարիքային սահմանափակման: