13 ապրիլի 2012 - 11:10 AMT
Վ.Գասպարյան. Ոստիկանությունը «սառը ցնցուղի» դեր կկատարի ընտրություններում արկածախնդիրների համար

Ոստիկանության անձնակազմը պատասխանատվություն է կրելու ընտրությունների ընթացքում ցանկացած իրավախախտման կանխարգելման և բացահայտման համար: Այդ մասին ապրիլի 13-ին Երևանում հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Երևանում անցկացվող «Ընտրություններին ընդառաջ» կլոր սեղանի ժամանակ, որը կազմակերպվել է ոստիկանության նախաձեռնությամբ ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ու ԵՄ աջակցությամբ:

Լրագրողների հետ զրույցում Վլադիմի Գասպարյանը նշել է, որ «վերևներում արդեն հասկացել են խաղի կաննոները, իսկ եթե ներքևում մարդիկ գտնվեն, որոնք կփորձեն «արջի ծառայություն« մատուցել, ապա ոստիկանությունը նման արկածախնդիրների համարա «սառը ցնցուղի» դեր կկատարի»:

Ոստիկանապետը նշել է, որ ոստիկանությունը ոչ մի տարբերություն չի դնի քաղաքական ուժերի միջև: Ըստ նրա, այդ ընտրություններից է կախված երկրի հեղինակությունը, դա նաև թույլ կտա գնահատել նրա գործունեությունը ոստիկանապետի պաշտոնում:

Կլոր սեղանին մասնակցում են ոստիկանության, արդարադատության նախարարության, ԿԸՀ-ի, դատախազության, ինչպես նաև ընտրական շտաբների, ՀՀ-ում հատավարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: