13 ապրիլի 2012 - 11:21 AMT
ԱՕԿԱ-ի նախագահը խոստացել է անել ամեն ինչ օլիմպիզմի զարգացման համար

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ Շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը մտադիր է ամրապնդել օլիմպիական շարժման դիրքերը ամբողջ աշխարհում: Այս մասին նա հայտարարել է ԱՕԿԱ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ, որը տեղի է ունենում Մոսկվայի Միջազգային առևտրի կենտրոնում:

«Շարունակելու եմ կառուցել և զարգացնել մեր կազմակերպությունը և ամրապնդել օլիմպիական շարժման դիրքերը: Մեծ աշխատանք է սպասվում: Մենք հաջողության կհասնենք, եթե միասնական ճակատով շարժվենք: Խոստանում եմ լիովին տրվել աշխատանքին և անել ամեն բան աշխարհի բոլոր ծայրերում օլիպիզմը զարգացնելու նպատակով»,-Ալ-Սաբահի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ռուսական մայրաքաղաք են ժամանել 203 ճանաչված Ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ: Բացի ԱՕԿ-ի նախագահներից, վեհաժողովին կմասնակցեն նաև բազմաթիվ երկրների սպորտի նախարարներ: ԱՕԿԱ-ի Գլխավոր ասամբլեայի կարևոր իրադարձությունը կլինի 2020թ Օլիմպիական խաղերի անցկացման թեկնածու-քաղաքների հայտերի ներկայացումը:

2020թ Օլիմպիադային հավակնում են 5 քաղաքներ` Բաքուն, Դոհան, Մադրիդը, Ստամբուլը և Տոկիոն: