13 ապրիլի 2012 - 16:40 AMT
Գալուստ Սահակյան. «Կանանց միամսյակին» Հայաստանում հաջորդեց «ապրիլի 1-ի ամիսը»

«Կանանց միամսյակից» (մարտի 8-ից ապրիլի 7-ը) հետո Հայաստանում վրա հասավ «ապրիլի 1-ի ամիսը», լրագրողներին է հայտնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով զանազան կուսակցությունների նախընտրական խոստումները: «Ով ինչ ուզում, ասում է»,- նկատել է նա:

Սահակյանն անդրադարձել է նաև ՀՀԿ կոալիցիոն գործընկերների նախընտրական հայտարարություններին` նշելով, որ ոմանք ջանում են իրենց վերագրել միայն հաջողությունները, իսկ բոլոր անհաջողություններն ու բացթողումները բարդել ՀՀԿ-ի վրա: Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն երբեք չի վախեցել իր վրա վերցնել պատասխանատվությունը, սակայն կոալիցիոն գործընկերները պետք է հիշեն, որ իրենք նույնպես պատասխանատվություն երկրում առկա դրության համար:

Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում նշել է, որ միայն ՀՅԴ-ն իր նախընտրական ծրագրերում չի խուսափել կոնկրետ թվերից, իսկ մնացած կուսակցությունները գերադասել են սահմանափակվել ընդհանուր հայտարարություններով:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):