13 ապրիլի 2012 - 17:26 AMT
Ապրիլի 14-ին անվանի շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը կղեկավարի Հայաստանի ֆիլհարմոնիկը

Ապրիլի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ելույթ է ունենալու շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ:

Համերգում հնչելու են Մոցարտի 38-րդ և Բեթհովենի 2-րդ սիմֆոնիաները: «Կարծում եմ հրաշալի համերգ է լինելու: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը շատ լավն է: Նրանք զուտ գործիքի վրա նվագողներ չեն, այլ իսկական արտիստներ» PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում նշեց դիրիժորը, ով առաջին անգամ չէ ելույթ ունենում ՀՊՖՆ-ի հետ:

Դիրիժոր և դաշնակահար Լյուք Արամ Բաղդասարյանը ծնվել է Ժնևում: Ավարտելով Ժնևի կոնսերվատորիան և հաղթելով մի շարք մրցույթներում, նա շատ արագ ճանաչում ձեռք բերեց Եվրոպայում, Կանադայում և Արգենտինայում, որտեղ ելույթ է ունեցել որպես դիրիժոր և դաշնակահար: Նրա երաժշտական և արտահայտչական հատկություններն արժանացել են մասնագետների բարձր գնահատանքին: Բաղդասարյանը վերապատրաստվել է Վիեննայում, Ֆլորենցիայում, Միլանում: Լյուքը 2002 թ-ին դարձել է Գրենխենի (Շվեյցարիա), իսկ 2005 թ-ին` Վիեննայի Դիրիժորների միջազգային մրցույթների հաղթող: Նա ելույթ է ունենում բազմաթիվ նվագախմբերի հետ. Լացիոյի, Հռոմի, Լոզանի, Փարիզի «Ամադեուս», Սանկտ Պետերբուրգի և այլ նվագախմբերի հետ: