14 ապրիլի 2012 - 10:30 AMT
Օլիմպիադա-2020 համար Տոկիոյում 20 նոր մարզական օբյեկտ կկառուցվի

«Տոկիո-2020» հայտագրման կոմիտեի ղեկավար ու Ճապոնիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդան հաղորդել է, որ Օլիմպիադայի համար, որին հավակնում է Ճապոնիայի մայրաքաղաքը, հարկ կլինի կառուցել 20 նոր մարզական օբյեկտ:

«11-ը կլինեն մշտական, իսկ 9-ը՝ ժամանակավոր: Լիովին պատրաստ են շահագործման 15 օբյեկտներ, որոնք վերակառուցման կարիք չունեն, այնտեղ արդեն անցկացվել են խոշոր միջազգային մրցումներ»,-Տակեդայի խոսքն է մեջբերում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տոկիոյից բացի 2020թ. Օլիմպիադան ընդունելու համար պայքարում են Ստամբուլը, Մադրիդը, Դոհան և Բաքուն:

Թեկնածու քաղաքները հայտնի կդառնան 2012թ. մայիսին, իսկ ընդունող քաղաքը կընտրվի ՄՕԿ 125-րդ նստաշրջանում, որը կանցնի 2013թ. սեպտեմբերին Բուենոս Այրեսում: