14 ապրիլի 2012 - 11:29 AMT
«168 ժամ». Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեղավորը խա՞նդն է, թե՝ ԲՀԿ-ն

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանությանը, հայտարարել է, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ չունի:

«Քաղաքական ենթատեքստ չկա, ես պնդում եմ: Ավելին, կասեմ, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, և այդ հանցագործությունը բացառություն չէ: Այն մոտ ժամանակահատվածում կբացահայտվի»,- ասել է Վ. Գասպարյանը: Մինչդեռ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ կատարվածը տեղի է ունեցել ոչ թե խանդի (նման վարկած երեկ շրջանառվում էր գյումրեցիների խոսակցություններում), այլ քաղաքական հողի վրա: Քաղաքապետը նաև ասել է, որ ձերբակալվածների թվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «կարկառուն ներկայացուցիչներ են», ովքեր նպատակադրվել են իրենց ընտրապայքարից հանել: