Այսօր Երևանում շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել

Այսօր Երևանում շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել

PanARMENIAN.Net - Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատությունները, համատիրություններն ու ընդհանրապես տասնյակ հազարավոր երևանցիներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից, նախապես համաձայնեցված վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպես մաքրման և բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարևոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլև ժողովուրդների բարեկամության ևս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։

Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով, ըստ էության, դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։ Գարնանային ծառատունկի շրջանակում, Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաև համատիրություններին։

Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երևանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ և թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից:

Նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---