Հայաստանում «ադրբեջանական ֆիլմեր» չենք ուզում

Հայաստանում «ադրբեջանական ֆիլմեր» չենք ուզում

PanARMENIAN.Net - Կարողանում ենք, երբ ուզում ենք: Կարողանում ենք միավորվել գաղափարի շուրջ, համախմբվել հանուն մեկ նպատակի: Նպատակի՝ ոչ անձնական, ոչ հանուն շահի: Միավորվել ընդդեմ երկիրն ու մեզ էլ հետը ծախողների:

Շատ բարձրագո՞չ էր: Բայց դե ճիշտը դա է, ու այլ կերպ չես ասի:

Միավորվեցինք ու հասանք նպատակին. ու «Հարավկովկասյան ինտեգրացիա. այլընտրանքային մեկնարկ» «հասարակական կազմակերպության» ղեկավար Գեորգի Վանյանն այս անգամ էլ Հայաստանում «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» չի անցկացնելու: Չի անցկացնելու, որովհետև մենք դա չենք ուզում: Որովհետև չենք ուզում, որ մեր վզին փաթաթեն կանաչ թղթադրամներով գնված «խաղաղարար» գաղափարներ: Չենք ուզում նայել այն մայրերի աչքերին, որոնց զավակները իրենց կյանքն են զոհել հայրենիքը թշնամուց պաշտպանելիս: Այն թշնամուց, որի արտադրած ֆիլմերն այդ ընթացքում մեծ էկրաններին կցուցադրվեն: Ու չենք ուզում դաստիարակել սեփական երկիրը պաշտպանել չկարողացող երեխաներ, որովհետև ժամանակին ինչ-որ գրանտակեր «հոպար» այլանդակել է նրանց հոգեկանը «խաղաղարար» գաղափարներով:

Մենք միավորվեցինք ու թույլ չտվեցինք Գյումրիում «փառատոն» անցկացնել: Բայց դե ստացած գումարները մի բան պետք է անե՞լ, թե չէ. ու Վանյանը իր ադրբեջանական ֆիլմերը քաղաքամերձ ռեստորաններից մեկում հրամցրեց միամիտ ու ոչինչ չհասկացող հայացքով աղջկերքին: Բողոքեց, որ «ահաբեկիչները» փառատոնը «փոզմիշ» արեցին («երկիրը երկիր չի»), ու խոստացավ այն անցկացնել ապրիլի 17-ին Վանաձորում՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի աջակցությամբ:

Վանաձորում «փառատոն» չի՛ լինելու: Մենք դա չենք ուզում: «Ահաբեկիչ ու հանցավոր հասարակության» ճնշման ներքո Վանյանը որոշեց «հետաձգել» իր միջոցառումը: Իսկ Սաքունցի գրասենյակի վրա պրոֆիլակտիկ նպատակներով մոտ 400 մարդ ձվեր ու քարեր նետեց:

Մենք միավորվեցինք: Միևնույն է՝ մենք քաղաքական գործիչներ ենք, թե հասարակ քաղաքացիներ, «կանաչներ», թե «կարմիրներ», բլոգերներ, թե զահված զինվորների մայրեր: Թող որ մենք լինենք կարմիր-կապույտ-նարնջագույն «հանցավոր հասարակություն», որը թույլ չի տա իրեն ծաղրել, որը թույլ չի տա իր հայրենիքը կանաչ թղթադրամներով վաճառել, թույլ չի տա այլանդակել մեր երեխաներին:

Շատ բարձրագո՞չ է: Բայց դե ճիշտը դա է: Կարողանում ենք, երբ ուզում ենք:

Մարինա Անանիկյան, Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---