16 ապրիլի 2012 - 16:38 AMT
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բաթումում

Մեծ Եղեռնի հիշատակման օրերի «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` անդրանիկ միջոցառումը կայացել է ապրիլի 14-ին Բաթումի կոնսերվատորիայի դահլիճում: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են, որ միջոցառման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծել են համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը, թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը: «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականներին ներկայացրել են գրական-գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով: