21 ապրիլի 2004 - 00:20 AMT
ԱՆԿԱՐԱՆ ԿՐԿԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Թուրքիան բանակցություններ է վարում Ադրբեջանի ու Հայաստանի հետ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպելու առնչությամբ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլա Գյուլը` մեկնաբանելով մինչեւ հակամարտության կարգավորումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանների բացման հնարավորությունը: Նրա խոսքերով` Թուրքիան ձգտում է խաղալ կատալիզատորի դեր եւ ցանկանում է հակամարտության խաղաղ կարգավորում: Ա. Գյուլի խոսքերով` ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչեւ առաջիկա հունիսին նախատեսված ՆԱՏՕ-ի ստամբուլյան գագաթնաժողովը: Մինչդեռ, մեկնաբանելով իր թուրք գործընկերոջ հայտարարությունը` Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը նշել է, որ Երեւանը կհամաձայնվի մասնակցել այդ հանդիպմանը, եթե վերջինիս ընթացքում քննարկվեն տարածաշրջանային հարցեր, երկկողմ հարաբերությունները, այլ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նախարարի կարծիքով` հանդիպել միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը քննարկելու համար իմաստ չունի, քանի որ «Թուրքիան չի կարող օբյեկտիվ միջնորդ լինել այդ հարցում»: