16 ապրիլի 2012 - 19:35 AMT
Հոլանդացի գիտնականը պատմել է Թուրքիայում Հայոց ցեղասպանություն գործելու տնտեսական նպատակների մասին

Ապրիլի 13-ին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով, որ թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը:

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուգուր Ումիտ Ունգորը: Վերջինս իր ելույթում անդրադարձ կատարեց թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները: