21 ապրիլի 2004 - 22:53 AMT
ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԲԱՔՎՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐԸ
Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների գործերով Գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունը մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել Բաքվում «ապաստան» որոնող երկու հայերին: Ինչպես հաղորդում է Բաքվի «525-րդ թերթը», ՄԱԿ-ի փորձագետները այդ մերժումը պատճառաբանել են նրանով, որ Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանը ծնվել են Բաքվում, դրանով իսկ ստիպելով նրանց մնալ Ադրբեջանի մայրաքաղաքում: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Տերյանն ու Ապրեսյանն ապօրինաբար եկել էին Ադրբեջան` բացատրելով իրենց փախուստը Հայաստանից «այնտեղ տիրող ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակով եւ պատերազմի վերսկսման վտանգով, ինչպես նաեւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններով»: Ընդսմին նրանք ցանկություն են հայտնել մեկնել Ադրբեջանից երրորդ երկիր: Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է թերթը, ադրբեջանցի քաղաքագետներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները գտնում են, որ ներկա իրավիճակում «հայերը չեն կարող ապրել Բաքվում»: Քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլու կարծիքով` «ապօրինաբար Ադրբեջանի սահմանը խախտած Ռոման Տերյանն ու Արթուր Ապրեսյանը, պետք է անհապաղ մեկնեն որեւէ եվրոպական երկիր ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնակատարի գծով», ավելացնելով, որ «Բաքու հայերի վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք անվերապահորեն ազատեն ադրբեջանական հողերը»: Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղին նույնպես դատապարտել է երկու հայի վերադարձը Բաքու. «Մեր ունեցած տվյալներով, հայերը Բաքու են ժամանում տարբեր անուններով: Դա չի կարելի թույլ տալ: Թեեւ հայերը մեր հարեւաններն են, նրանք վաղուց ադրբեջանցիների նկատմամբ իրականացնում են ցեղասպանության քաղաքականություն»: Նաղիի կարծիքով` ապօրինի ճանապարհներով Ադրբեջան ժամանած հայերը պետք է անմիջապես վտարվեն երկրից: «Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից սույն թվականի փետրվարին Բուդապեշտում հայ զինծառայողի սպանությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվում հայերի կամ հայկական արյան խառնուրդով մարդկանց բնակվելու անհնարինությունը», -ասել է ադրբեջանցի քաղաքական գործիչը: