17 ապրիլի 2012 - 10:56 AMT
Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանը դուբլի հեղինակ է դարձել

Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» արտագնա խաղում 5:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Զարյայի» հանդեպ: Դոնեցկի թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Բացի այդ նա 11-մետրանոց է վաստակել իր թիմի համար, որն իրացրել է Լուիս Ադրիանոն:

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն հանդիպումից հետո նշել է, որ իր սաները բոլոր չափանիշներով ավելի ուժեղ էին մրցակցից. «Առաջնությունը մոտենում է ավարտին, մեր բոլոր մարզիկները մոտիվացված են, և դա նկատելի էր դաշտում: Ցանկացած թիմին դժվար կլիներ խաղալ մեզ հետ, թեև ոմանք փորձում են ներկայացնել, թե մենք ոչ դիտարժան, անհետաքրքիր ֆուտբոլ խաղացող թիմ ենք»,- ասել է Լուչեսկուն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Շախտյորը» վաստակել է 70 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև «Դինամոն», որը 2-րդ տեղում է: