31 մարտի 2003 - 23:28 AMT
ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՎԵՐԸՆՏՐՎԵԼՈՎ ՆՈՐ ՓՈՒԼ ՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
«Մենք ցանկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելով, նոր փուլ սկսվի մեր հարաբարերթյուններում», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Էրթան Թեզգորը: Նրա խոսքերով, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, «երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացում առաջին քայլը պետք է անի Հայաստանը»: Թուրք դիվանագետը թվարկել է այն խնդիրները, որոնց պատճառով Թուրքիան մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ: Առաջինը, ասել է նա, «Հայաստանը չի ճանաչում 1921 թվականի թուրք-սովետական պայմանագրերը եւ դրանով չի ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»: Բացի այդ, նա նշել է հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության ակտիվությունը: Որպես երրորդ գործոն թուրք դիվանագետը նշել է, որ «Հայաստանը դուրս չի բերում իր զորքերը ադրբեջանական տարածքներից»: Թեզգորը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան շրջափակում է իրականացնում Հայաստանի նկատմամբ, «չեն համապատասխանում իրականությանը»: Հակառակը, ասել է նա, Թուրքիան Հայաստանին է տրամադրել երկու օդային միջանցք: Բացի այդ, նրա խոսքերով, «հայ քաղաքացիներն ազատ կարող են այցելել Թուրքիա` վիզա ստանալով սահմանին»: Նախորդ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում մեր երկիր են այցելել ՀՀ մոտ 12,5 հազար քաղաքացի, հաղորդել է Է.Թեզգորը: Որպես բարի կամքի դրսեւորում, Թուրքիան Հայաստանին հրավիրել է անդամակցելու Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպությանը, ասել է դիվանագետը: Նա կարծիք է հայտնել, որ «եթե Հայաստանը սկսի հարգել միջազգային իրավունքը, նա կարող է բարի հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»: «Այդ դեպքում Թուրքիան անպայման Հայաստանին ընդառաջ քայլ կանի», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Թեզգորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գլխավոր խոչընդոտ է հանդիսանում Հարավային Կովկասում քաղաքական կայունության հաստատման ճանապարհին: «Թուրքիան ակտիվորեն մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին, որին մենք մեծ նշանակություն ենք տալիս: Մենք պաշտպանում ենք նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների երկկողմ շփումները»,-հայտարարել է Թեզգորը: Թուրքիան պատրաստ է պաշտպանել խնդրի այնպիսի լուծումը, որը շահավետ կլինի երկու կողմերի համար, եւ պատրաստ է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված նոր մեխանիզմների կիրառմանը, - ընդգծել է թուրք դիվանագետը: