18 ապրիլի 2012 - 10:49 AMT
«Ժողովուրդ». Հայրապետ Հայրապետյանի կողմից ծեծված պահակն անհետացել է հիվանդանոցից

«Ժողովուրդը» երեկ գրել էր, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը կիրակի օրը ծեծել է հանրախանութի պահակին: Երեկոյան` ժամը 20:20-ի սահմաններում, պահակին տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: «Երեկ այցելեցինք հիվանդանոց` ծեծվածի հետ զրուցելու, սակայն այնտեղ մեզ պատասխանեցին, որ նմնան հիվանդ չունեն: Թե ճանապարհի կեսին ինչպես է անհետացել պահակը, այդպես էլ անհասկանալի է մնում: Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, երբ պահակին տեղափոխել են հիվանդանոց և փորձել նրանից անուն-ազգանուն ճշտել, վերջինս հրաժարվել է իր մասին տեղեկություն տրամադրել: Հիվանդանոցի գրանցամատյանում ընդամենը նշվել է, որ խմած և անգիտակից վիճակում է եղել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ իրենք ևս հիվանդանոցից որևէ ահազանգ չեն ստացել:

Կրկին այցելեցինք «Հայաստան» հանրախանութ, որտեղ աշխատակիցները ևս մեկ անգամ պնդեցին, որ իրենց պահակին Հայրապետյանը ծեծելուց հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել է հիվանդանոց: Մենք դեռ հետամուտ կլինենք այս պատմությանը»,- գրել է թերթը: