Տեղեկացված ընտրություն կատարելու համար ընտրողները կարող են օգտվել համապատասխան ուղեցույցից

PanARMENIAN.Net - Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամը ԵԱՀԿ աջակցությամբ այսօր հանրությանը ներկայացրեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերը, գործունեությունն ու նպատակները ներառող «ՀՀ ԱԺ 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցություններ» ուղեցույցը:

«Այս ձեռնարկը Հայաստանում ընտրողներին աջակցելու օգտակար գործիք է, որը կնպաստի իրազեկված որոշում կայացնելուն ու տեղեկացված ընտրություն կատարելուն»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:

Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանն էլ հավելեց, թե որքան կարևոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների քաղաքական պլատֆորմнերի, ծրագրերի, նպատակների մասին անաչառ տեղեկատվության տրամադրումը. «Այն օգնում է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և քաղաքական ակտիվությունը, ինչպես նաև կուսակցություններին հնարավորություն է տալիս հավասարապես ներկայացված լինել հանրությանը: Այժմ հայերեն հրատարակությունն ունի շուրջ 6000 տպաքանակ, և կհատկացվի քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, լրատվամիջոցների և հանրության լայն շրջանակներին: Շուտով կգործարկվի նաև էլեկտրոնային անգլերեն տարբերակը»:

Նման ուղեցույց հրատարակվել է նաև 2003 և 2007 թվականներին: Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահի խոսքով`դրանք ունեն նաև իրենց էլեկտրոնային տարբերակները, շուտով կլինի նաև 2012-ինը, որը հնարավորություն կտա ունենալ կուսակցությունների մասին ինֆորմացիոն մեծ բազա և հետևել կուսակցությունների գործունեությանը, դիրքորոշումներին, նպատակների փոփոխություններին ու զարգացումներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---