18 ապրիլի 2012 - 15:27 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Այսօրվա լուրջ մրցակցության արդյունքում կստեղծվի ոչ թե «խաղալիք», այլ իսկական կոալիցիա

«Այսօր Հայաստանի քաղաքական ասպարեզում առկա է իսկական մրցակցություն, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կստեղծվի ոչ թե «խաղալիք», այլ իսկական կոալիցիա»,-այսօր Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Հայսատանի նախընտրական քարոզարշավի ընթացքը: Ըստ նրա, դատելով նախորդ օրերի ընթացքից, կարելի է եզրակացնել, որ խորհրդարանում կհայտնվեն 4-6 կուսակցություններ: Նա նշել է, որ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ և Դաշնակցությունը ընտրությունների արդյունքում կզբաղեցնեն առաջին հորիզոնականները, մյուս կուսակցությունների հարցը դեռևս անհայտ է: «Այն, որ կուսակցություններից մեկը կարող է ձայների մեծամասնությունը ստանալ, կասկածելի է, սակայն բացարձակ մեծամասնություն ոչ ոք չի ստանա»,-համարում է Իսկանդարյանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: