19 ապրիլի 2012 - 12:15 AMT
Մինասի ամենաարժեքավոր «Հայաստան» որմնանկարը կմնա Վահրամաբերդում

Կառավարությունը ապրիլի 19-ի նիստում որոշել է պետբյուջեից հրատապ 9,9 մլն դրամ հատկացնել Մինասի ամենաարժեքավոր «Հայաստան» որմնանկարի վերականգնման ու ամրակայման համար: Որմնանկարը գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում:

Ինչպես նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որմնանկարը համարվում է Մինասի ամենաարժեքավոր որմնանկարը: Նա հավելել է նաև, որ 8 որմնանկարներից հարկավոր է ֆինանսավորում գտնել ևս 2-ի վերականգնման համար:

Վարչապետն ասել է, որ «գյումրեցիները կկարողանան հայթայթել 10-20 մլն դրամ» որմնանկարների վերականգնման համար:

Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարն ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ: ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան կառուցման նախագծի համաձայն` քանդվել է նախկին մշակույթի տան շենքը, բացի «Հայաստան» որմնանկարով պատից (չափսը` մոտ 8 մ x 6 մ), որը նախատեսված է պահպանել նոր կառուցվող մշակույթի տան նախասրահում: Շինարարական աշխատանքների ընթացքում նշված պատի կայունությունն ապահովելու նպատակով տեղադրվել են ժամանակավոր փայտե հենակներ և փոշուց ու անձրևից պաշտպանելու համար այն ծածկվել է պաշտպանիչ թաղանթով:

Մշակույթի տան կառուցման նախագծային առաջադրանքով և նախագծով «Հայաստան» որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքներ նախատեսված չեն: Որմնանկարը կատարված է գաջի սվաղի հիմքի վրա և ունի շերտավորված, քայքայված, լվացված հատվածներ, ինչի պատճառով շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կարող է փլուզվել:

Որմնանկարի փլուզման ու կորուստը կանխելու առավել ընդունելի տարբերակը նրա ամրակայումն ու վերականգնումն է շինարարական աշխատանքների իրականացմանը զուգահեռ: